Ստեփանակերտում և շրջաններում իրականացնելու են գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար

Այսօր տեղի է ունեցել հումանիտար ապրանքների մատակարարման, տեղական գյուղատնտեսական մթերքի իրացման, շուկայում մանրածախ ու մեծածախ գների վերահսկման, տեղական արտադրողին աջակցելու հարցերի շուրջ հերթական խորհրդակցությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց զեկույցները, վերջին շրջանում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ բերված թերություններն ու կատարելագործման ենթակա ուղղությունները: Քննարկման արդյունքներով որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին և նրանց կողմից ապրանքը շուկա դուրս բերելու գործին և ձեռնարկել բոլոր միջոցները տեղական արտադրանքի մրցունակությունն ու իրացումն ապահովելու համար:

Այսուհետ ևս ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը շարունակելու է սահմանել շուկայում ապրանքների մանրածախ ու մեծածախ գների առավելագույն չափը, իսկ պետական տեսչությունների կոմիտեի տեսուչները Ստեփանակերտում և շրջաններում իրականացնելու են գների մոնիթորինգ՝ խախտում թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կիրառելով պետական հարկադրանքի միջոցներ:

Կրկին անգամ խնդրում և հորդորում ենք շուկայում սահմանված գներից թանկ վաճառվող ապրանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հաղորդել ԱՀ պետական տեսչությունների կոմիտեին՝ զանգահարելով 5099 կարճ համարին»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել