Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան

Անգամ եթե մենք դառը պարտություն ենք կրել 2020թ․ արցախյան աղետալի պատերազմում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը պետք է իրեն պահի այս աստիճան ցինիկ ու լկտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Հայաստանի ու Արցախի և ոչ մի նախագահ երբեք այսպես քամահրանքով ու նվաստացնող շեշտադրումներով չեն խոսել Ադրբեջանի որևէ նախագահի ու իշխանության հասցեին՝ կլիներ դա Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, 3-րդ նախագահ Հեյդար Ալիևը, թե անգամ այսօրվա նախագահ Իլհամ Ալիևը։

Թեև պետք է ընդգծել, որ այդպես խոսելու շատ ավելի հիմնավոր պատճառ և իրավունք են ունեցել։

Կներեք՝ ո՞վ է այս դուրսպրծուկը, որ պետք է այսպես խոսի իմ պետության ու բանակի, իմ երկրի իշխանության ու իմ երկրի որևէ քաղաքական ուժի մասին, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ վերաբերմունք ունենք նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։
Ո՞վ է այս ինքնակայացման բարդույթով տառապող մարդը, որ պետք է այսպես պարբերաբար հոխորտա ու մնա անպատասխան։
Այս մարդու պահվածքը խոսում է այդ պետության ու հասարակության՝ խաղաղության, բարի դրացիության, հաշտության ու հարևանության նկատմամբ ունեցած ընկալումների մասին։

․․․Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։

Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ Այո՛, մեզ խաղաղություն է անհրաժեշտ, այո՛, Հայաստանը պետք է հավասարակշռված ու սթափ որոշումներ կայացնի այս բարդ ժամանակահատվածում ու փորձի իրատես քաղաքականության միջոցով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, միաժամանակ կարգավորի Թուրքիայի հետ հարաբերությունները։
Սակայն սա չի նշանակում, որ պետք է մշտապես հանդուրժել Ադրբեջանի նախագահի պարբերական նվաստացումներին ու մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող վարքագծին։

Ես ակնկալում եմ, որ պաշտոնական Երևանը շատ կոնկրետ, հստակ ու համարժեք կարձագանքի Ալիևի բարբաջանքներին։
Պարտություն չի նշանակում ստորացում, նվաստացում ու ազգային արժանապատվության ոտնահարում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել