Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Twitter-ում հայտարարություն է հրապարակել, որում ասվում է․

«Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել զինծառայողներին ու կատարել բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունները` 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների և կազմակերպությունների կոչերին համապատասխան»։

———

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:

Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։Ինչպես արդեն հայտնել ենք, միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել