Լիզա Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է ընտրել Լիզա Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Լիզա Գրիգորյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը: Թեկնածուն 1995 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2011 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Լիզա Գրիգորյանն ունի 24 տարվա իրավաբանի ստաժ: Թեկնածուն ներկայումս Երեւանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր է:

Լիզա Գրիգորյանն ընդգծել է նոր որակի արդարադատության իրականացման անհրաժեշտությունը: «Հանրային ակնկալիքները եւ պահանջները դատական իշխանության հանդեպ աճել են: Հանրությունը կարիք ունի այլ որակի արդարադատության, որը պետք է հիմնվի արդարության վրա»: Նշվել է, որ արդարադատության իրականացման անհրաժեշտ պայմաններից է օրենքի միատեսակ կիրառությունը, որն ապահովում է օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, ամրապնդում է արդարության եւ արդարադատության ընկալումը եւ հանրության վստահությունն արդարադատության իրագործման նկատմամբ:

Լիզա Գրիգորյանը խոսել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումից եւ Վճռաբեկ դատարանի դերի բարձրացումից: Նա կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում միջազգային մեխանիզմների կիրառումը եւ միջազգային համագործակցությունը: «Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման կիրառության հարցում հատկապես Վճռաբեկ դատարանը ձեռք է բերել կենտրոնական դերակատարում. կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից է քաղաքացիական բռնագանձումը»,- ընդգծել է զեկուցողը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` թեկնածուն նշել է, որ արդարության եւ արդարադատության միջեւ խզվածքը կապված է դատական իրավական համակարգի գործունեության հետ. «Այդ խզվածքը չեզոքացնելու հարցը պետք է լուծի դատական համակարգը` անկախ, անաչառ եւ իրավունքի գերակայության սկզբունքների համաձայն»:

Անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին` Լիզա Գրիգորյանն ընդգծել է. «Դրա նպատակը նաեւ այն է, որ անցյալում տեղի ունեցած սխալներն ուղղվեն, բայց դա պետք է տեղի ունենա որոշակի ժամկետային սահմանափակումները հաշվի առնելով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել