Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես ստացված տեղեկությունները, մայիսի 23-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Գ.Ա.-ի անվամբ բերված հանձնուքը:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Հանձնուքում առկա լուծվող սուրճի 10 փաթեթներից մեկի պարունակությունն էապես տարբերվել է մնացածից իր գույնով, սուրճի հատիկների կոշտությամբ, առկա է եղել նաև սուրճի հետ խառնված, թմրանյութին նմանվող, սպիտակ զանգված: Բացի այդ՝ ծառայողներին կասկածի տեղիք են տվել հյութի պլաստմասե շշերը և դրանց պարունակությունը. շշերի տակ նկատելի են եղել ոչ գործարանային եղանակով հալեցված կետեր:
Հանձնուքը բերած քաղաքացի Ա.Դ.-ն բանավոր հայտարարել է, որ հանձնուքն իրեն՝ որպես տաքսու վարորդի, փոխանցել է դատապարտյալ Գ.Ա.-ի հարազատը՝ խնդրելով համապատասխան վճարի դիմաց տանել «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Կասկածելի զանգվածները հանձնվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։