Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումը, այլև դրանց դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից․ «Ինչպես տեղեկացրել ենք, պարեկային ծառայությունն իրականացնում է իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն ունեն պարեկային ծառայության ծառայողների օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։
Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:
Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։
Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը»։
ԼՐԱՑՎԱԾ․ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն է տարածել նաև այն մասին, որ այս ընթացքում տարբեր լրատվական աղբյուրներ տարածել են հարցի առնչությամբ տարբեր, երբեմն՝ ապակողմնորոշող մեկնաբանություններ կամ ոստիկանության առաջիկա գործողությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
«Հարկ ենք համարում նշել, որ՝
– ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորել և հորդորում է հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
– Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը։ Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա, որովհետև մեր նպատակը ոչ թե պարզապես պատասխանատվություն կիրառելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը, օրինապահ վարքագծի խթանումը»,-նշվում է հայտարարության մեջ։