Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել Մովսես Արիստակեսյանը

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության ազգային ծրագրի հանձնառությունների շրջանակներում՝ Ֆինանսների նախարարությունը մեկնարկել է Գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման գործընթաց, որն իր մեջ ներառում է տարատեսական կարգավորումներ, ձևաչափեր և լուծումներ՝ գնումների համապարփակ գործընթացներում:

Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը։

«Գնումների էլեկտրոնային համակարգի (ԳԷՀ) նախագծում, մշակում ծրագրի տեխնիկական առաջադրանքի (այսուհետ՝ ՏԱ) վերաբերյալ մեր կարծիքը ձևավորել մեր նախորդիվ դիտարկումների հիման վրա:

Նախ պետք է նշենք, որ կատարվել է հսկայածավալ աշխատանք, ինչն ուղղված է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ընթացիկ՝ 4-րդ, ռազմավարության (այսուհետ՝ ՊՖԿՀԲ Ռազմավարություն) նպատակների իրականացմանը: Թեև ՏԱ մշակումը ուշացել է ՊՖԿՀԲ Ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված ժամանակացույցից, այդուհանդերձ ողջունելի է քայլը և հատկապես դրա սույն հանրային քննարկման կազմակերպումը:

ՏԱ-ում նշված է, որ Խորհրդատու կազմակերպության կողմից իրականացվել են ԿՖԿՏՀ-ի ներդրման խորհրդատվական ծառայություններ, որոնց համար մեր կարծիքով պետական բյուջեի միջոցներից հավանաբար կատարվել են լուրջ հատկացումներ: Սակայն դրա կողքին հարց է առաջանում ա՞րդյոք ՏԱ հեղինակները խորհրդատվություն ստացել են տեղական մարմիններից (ՏՏ ոլորտի տեղական կազմակերպություններ, մասնագիտացված ՔՀԿ-ներ, դրանց կոալիցիաներ և այլն), ա՞րդյոք այդ հարցով կազմակերպվել են նախնական հանրային քննարկումներ, ա՞րդյոք դրա մասին տեղական մարմինների կողմից տրվել են համապատասխան առաջարկություններ, ա՞րդյոք օգտագործվել են այդ առաջարկությունները ՏԱ մշակման ժամանակ և ա՞րդյոք տեղական խորհրդատուները նույնպես վարձատրվել են իրենց կատարած աշխատանքի համար

ՏԱ-ով Ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակ է սահմանված վերջնական օգտագործողի համար ստեղծել այնպիսի աշխատանքային գործիք, որը կհամապատասխանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին և կնպաստի՝

  • արդյունավետ որոշումների կայացմանը` ռազմավարական և ամենօրյա մակարդակներում,
  • պատշաճ վերահսկողության ապահովմանը,
  • հաշվետվողականության որակի բարձրացմանը։

Սակայն ցավոք ՏԱ-ում չկարողացանք գտնել պատշաճ վերահսկողության և հաշվետվողականության որակի բարձրացման ուղղությամբ արդյունավետ գործիքներ: Դա հատկապես վերաբերում է ՔՀԿ-ների կողմից վերահսկողության հնարավորություններին ու այդ գործում կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությանը: Ավելին դրանում բացակայում էին սխալ տեղեկատվության տեղադրման համար որևէ պատասխանատվության միջոցի վերաբերյալ դրույթներ:

Այդպիսի հրամայականը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երկրում ահա արդեն 5-6 տարի է, ինչ բյուջետավորման գործընթացն իրականանում է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ և այդ գործում խիստ կարևորվում է իրականացվող ծրագրի վերջնական ու կատարողական արդյունքների գնահատումը, ինչը նույնպես ՊՖԿՀԲ Ռազմավարություն կարևորագույն նպատակներից է:

Այդ տեսակետից շատ կարևոր է պետական ֆինանսնսների կառավարման կարևորագույն գործիքի՝ գնումների կազմակերպման, նպատակային ու արդյունավետ կիրառումը»,-նշում է Մովսես Արիստակեսյանը։

Նրա խոսքով՝ գնումների համակարգին բնորոշ են հետևյալ մի շարք բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ ՏԱ-ում լուրջ քայլեր ձեռնարկված չեն, ինչպիսիք են.

  1. հիմնախնդիրներ գնումների պլանավորման գործընթացում,
  2. գնումների կազմակերպման ձևի ընտրության և դրանց առաջնահերթություն տալու հարցում,
  3. գնման մրցույթների կազմակերպման գործընթացում,
  4. գնման առարկայի բնութագրերի կազմման գործընթացում,
  5. գնման պայմանագրերի կառավարման գործընթացներում,
  6. գնման պայմանագրերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և գառայությունների ընդունման գործընթացներում,
  7. գնումների համակարգի ընդհանուր վերահսկողության գործում,
  8. գնումների մասին հաշվետվողականության գործընթացում,
  9. ոչ պատշաճ և/կամ սխալ տեղեկատվության համար պատասխանատվության հարցում
  10. և այլն:

«Վերոհիշյալի համատեքստում լուրջ խնդիրներ են մնում գործող համակարգերում լրացվող տեղեկատվության.

  • արժանահավատությունը,
  • աամադրելիությունը այլ պաշտոնական տեղեկատվության հետ,
  • փոխգործելիությունը պետական կառավարման մյուս մարմինների տեղեկատվական բազաների տվյալների հետ
  • և այլն:

Միաժամանակ ցանկանում ենք հստակեցնել հետևյալ հարցերի պատասխանները.

  1. ՏԱ-ով նախատեսվում է պատվիրատուի կողմից ստեղծել աշխատանքային խումբ: Այս կապակցությամբ ո՞վքեր պետք է ընդգրկվեն այդ խմբում: ՏՏ ոլորտի տեղկան ընկերություններից և մասնագիտացված ՔՀԿ-ներից և/կան դրանց կոալիցիաներից ներկայացուցիչներ նախատե՞սվում են ընդգրկել այդ խմբում, ա՞րդյոք աշխատանքային խմբի աշխատանքը վճարովի՞ է լինելու և եթե՝ այո, ապա ինչ միջոցներից՝ բյուջետային, թե՝ վարկային/դրամաշնորհային, 
  2. համակարգից օգտվելու համար վճար սահմանվելու՞ է, թե՝ ոչ,
  3. ՏԱ-ում նշվում է, որ ԳԷՀ համակարգը ԿՖԿՏՀ համակարգի միայն մեկ մոդուլներից մեկն է: Այդ կապակցությամբ նպատակահարմար չէ՞ր արդյոք բոլոր մոդուլների միաժամանակ մշակումը, որպեսզի ապահովվեր դրանց փոխգործարկելիությունը և դրանց միջև հակասությունների և/կամ անհարթությունների բացառումը,
  4. ՏԱ-ում որևէ նշում չկա երկրում թվային օրակարգի և/կամ էլեկտրոնային կառավարման օրակարգի շրջանակներում իրականացվող մյուս բարեփոխումների հետ  ԳԷՀ համակարգի ներդրման փոխկապկացվածության մասին: Այդ կապակցությամբ հարց է առաջանում, թե ի՞նչպես են փոխկապակցվելու ԳԷՀ համակարգի ներդրումն օրինակի համար նույնականացման քարտերի բարեփոխումների, առողջապահության համակարգի ներդրման ծրագրերի հետ, որպեսզի դրանք միմյանց ոչ թե հակասեն, այլ համալրեն ու լինեն փոխգործարկելի,
  5. հաշվի առնելով փաստաթղթում շարունակաբար «պատվիրատու» եզրի օգտագործումը, հասկանալի չէ, թե ՀՀ կառավարությունում ո՞վ (ո՞ր պաշտոնյան) է պատասխանատու այս ծրագրի իրականացման համար,
  6. ո՞վ է պատվիրատուի կողմից ղեկավարելու ծրագիրը և ի՞նչ տեղեկատվության վրա է հիմնվում ՀՀ կառավարությունը, որ կարծում է, որ  այդ կապալառու անձն ունի անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավական, տեխնիկական, տեխնոլոգիական, կառավարչական և այլ բաղադրիչներ պարունակող նման կարևոր ծրագիր ղեկավարելու համար,
  7. ՏԱ-ում նախատեսված է, որ Կապալառուի աշխատանքային խումբը պետք է տեղակայված լինի Հայաստանի Հանրապետությունում։ Աշխատանքային շփումները Շահառուի և Պատվիրատուի հետ պետք է իրականացվեն հայերեն լեզվով: Ընդ որում, ԳԷՀ սպասարկումը նախատեսվում է հանձնել Կապալառուին՝ համապատասխան վճարի դիմաց, այն էլ՝ նաև հեռախոսի միջոցով: Այս պարագայում հարց է առաջանում չի՞ կարող արդյոք պատվիրատուն իր կազմում (օրինակ ՀՀ ֆինանսների նախարության գանձապետարանի կազմում) ունենալ համապատասխան ստորաբաժանում՝ համապատասխան բյուջետավորմամբ, որպեսզի սպասարկումը լինի ավելի օպերատիվ և վստահելի, 
  8. ինչպե՞ս է ԳԷՀ-ը լուծելու գնումների պլանավորման բազմաթիվ խախտումների հիմնախնդիրը և այդ մասին վերջնական արժանահավատ տեղեկատվության ներբեռնումը: Օրինակ, չկա ՀՀ կառավարության որևէ մի նիստ, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը նոր առաջարկություններով հանդես չկա արդեն իսկ իրականացվող ծրագրերի շրջանակներում նորանոր բյուջետային հատկացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններով, որոնք բնականաբար իրենց հերթին գնումների գործընթացում առաջացնում են նոր գործողություններ, որոնք վերահսկելը լինում է խիստ դժվարին: Այդ խնդիրը շատ կարևոր է, քանզի մեզ դեռ խորհրդային ժամանակաշրջանից է հայտնի շինարարական աշխատանքների, և հատկապես ասֆալտապատման, ոլորտում կոռուպցոիոն հսկայական ռիսկերը, որոնք դարձել են ապօրինի հարստացման աղբյուր արտագնա աշխատողների մի քանի սերունդների համար և շարունակում են այդպիսիք լինել նաև ՀՀ անկախացումից հետո՝ մինչ այսօր,
  9. ինչպե՞ս է ԳԷՀ-ը կամ որևէ այլ փոփոխություն օգնելու լուծել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված «գնման առարկայի բնութագիր» հասկացության կիրարկման հետ կապված խնդիրները։
  10. ո՞վքեր են ծրագրի շահառուները: Արդյոք դրանց մեջ հանրություն անվանման տակ մտնում են ՔՀԿ-ները: Չե՞ք կարծում արդյոք, որ ՏԱ-ում հստակորեն պետք բացեք և շարադրեք բոլոր շահառուների ցանկը: Ինչպե՞ս է իրականացվել և կամ նախատեսվում ԳԷՀ շահագործման ժամանակ իրականացնել վերջիններիս հետ համագործակցությունը»,-առաջարկությունների վերաբերյալ մանրամասնում է Արիստակեսյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել