«Մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեկ տոննա կոկաինի հայտնաբերման գործին։  Պատգամավորներից մեկը հարց տվեց, որի անդրադառնալով վերջինս նշեց, որ դեպքն արտառոց դեպք է։

«Այսօր ոչ թե վերլուծություն, այլ տեղեկություն կարող եմ ներկայացնել, որովհետև այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։ Այդ կոկաինը՝ մեկ տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ Բայց նաև չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։ Ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել, ընդ որում, կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գործին պաշտոնատար անձանց մասնակցության հարցին։

«Պաշտոնատար անձինք հասկացությունը շատ լայն հասկացություն է, Հայաստանում հազարավոր պաշտոնատար անձինք կան։ Եվ եթե մենք պաշտոնատար անձանց նկատմամբ անաղարտության կանխավարկածով առաջնորդվենք, հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում այդքան խորը քայլեր չէինք ձեռնարկի։ Այդ քայլերը հենց դրանից ելնելով են, որ պաշտոնյան ավելի հեշտ ու արագ կտրվի գայթակղություններին՝ ինչ-որ բան անել։ Այս թեմայով քննարկման մեջ հետևյալ հարցը կա՝ եթե մենք սկսում ենք շատ թմրանյութեր բացահայտել, դա լա՞վ է, թե՞ վատ։ Դա լատենտային հանցագործություն է համարվում։ Ենթադրենք չկա բացահայտում, իշխանությունն ասում է՝ ես հաղթահարեցի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, բոլորն ասում են՝ ուռա, ինչ լավ է։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, հակառակը։ Քանի բացահայտում ենք, եւ բացահայտման ծավալները մեծանում են, դա մեզ պետք է ինչ-որ առումով գոհացնի, որովհետև մենք չենք կարող մտածել, որ թմրանյութերի շրջանառության ծավալները նվազում են, որովհետև ՀՀ-ն բարեբախտաբար, թե դժբախտաբար Մարս մոլորակի վրա չէ»,- հավելեց նա։

Ավելի վաղ ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է հրապարակել․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել