Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել է միջազգային իրավաբանական ֆորումի

Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ.Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի տնօրեն Ա. Խալիլովի հրավերով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա Հովսեփյանի գլխավորությամբ մայիսի 17-ից 18-ը աշխատանքային այցով Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում էր՝ միջազգային խոշորագույն գիտագործնական ֆորումին մասնակցելու, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։

Այցի առաջին օրը Բյուրոյի տնօրեն Ա Հովսեփյանը և տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պ Ոսկանյանը մասնակցել են Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Tashkent Law Spring» 3-րդ միջազգային իրավաբանական ֆորումին։ Կենտրոնական Ասիայի խոշորագույն իրավական իրադարձությունը համարվող միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սաուդյան Արաբիայից, Սինգապուրից, Թուրքիայից, Սլովենիայից, Ճապոնիայից և այլ երկրներից:

Ֆորումի շրջանակներում կազմակերպված՝ «Դատական փորձաքննության զարգացման ժամանակակից միտումները» թեմայով սեկցիայում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ա Հովսեփյանը հանդես է եկել «Ժամանակակից պայմաններում հատուկ գիտելիքների կիրառման կազմակերպչական և դատավարական ասպեկտներն ու առանձնահատկությունները Փորձաքննությունների ազգային բյուրոյում» թեմայով զեկույցով, որում անդրադարձ է կատարել կառույցի գործունեության ուղղություններին, Բյուրոյում իրականացվող փորձաքննությունների տեսակներին և կարողություներին, նորարարական հնարավորություններին, ուսումնակրթական աշխատանքներին, միջազգային համագործակցությանը, խոսել ոլորտի հիմնախնդիրներից ու զարգացման միտումներից։

Ա.Հովսեփյանը սեկցիայի մասնակիցներին է ներկայացրել 2022թ հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ դատափորձագիտական ոլորտին, մասնավորապես՝ փորձագետի իրավունքներին և պարտականություններին, փորձագետի եզրակացությանն ու կարծիքին, փորձաքննության իրականացման առանձնահատկություններին և ժամկետներին առնչվող կարգավորումներին, դրանց ազդեցությանը քրեական վարույթի ընթացքում դատական փորձաքննություն իրականացնելու գործընթացի վրա։ Այս համատեքստում Բյուրոյի տնօրենը շեշտել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատման և հնարավորինս սեղմ ժամկետներում փորձագիտական հավաստի արդյունքների ապահովման կարևորությունը։

«Փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատմանը նպաստել է Բյուրոյում հետազոտական նոր տեխնոլոգիաների շարունակական ներդրումն ու կիրառվող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործումը, ինչը հանդիսանում է կարևոր գործոն ժամանակակից պայմաններում դատական փորձաքննությունների կազմակերպման համար»,-իր ելույթում նշել է Ա Հովսեփյանը։ Խոսելով աշխարհում հանցագործությունների տարածման ժամանակակից միտումների, հանցավորության արդյունավետ դիմակայման անհրաժեշտության մասին, կառույցի ղեկավարն ընդգծել է այդ առումով դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը, միջազգային գործընկերների հետ ջանքերի համատեղման, գիտական ներուժի, փորձի փոխանակման, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։

Ա Հովսեփյանը պատասխանել է նաև սեկցիայի մասնակիցների հարցերին և արդյունավետ քննարկում ծավալել օտարերկրյա պատվիրակների հետ։ Նույն օրը Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ. Սուլեյմանովայի անվան հանրապետական դատափորձագիտական կենտրոնում Բյուրոյի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և այլ երկրների դատափորձագիտական կառույցների ղեկավարների և ոլորտի առաջատար մասնագետների հետ մասնակցել են «Դատական փորձաքննության արդի հիմնախնդիրները և բարեփոխումները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։ Քննարկվել են դատական փորձաքննությունների ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, գիտամեթոդական գործունեությանը, ժամանակակից նյութատեխնիկական աջակցությանը, փորձագետների վերապատրաստման և հմտությունների կատարելագործմանը և դատափորձագիտական ոլորտին առնչվող հարցեր։ Ուզբեկստանի դատափորձագիտական հանրապետական կենտրոնում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պ Ոսկանյանը «Դատական փորձաքննությունների կազմակերպման և անցկացման Ժամանակակից խնդիրները» թեմայով վարպետության դաս է անցկացրել մի շարք երկրների դատական փորձագետների համար։

Աշխատանքային այցի շրջանակներում՝ մայիսի 18-ին, Բյուրոյի ներկայացուցիչները եղել են նաև Ուզբեկստանի դատափորձագիտական հանրապետական կենտրոնում, տեղում ծանոթացել Կենտրոնի թանգարանի և լաբորատորիաների գործունեությանը, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ ծավալել Կենտրոնի փորձագիտական մի շարք ստորաբաժանումների ղեկավար կազմի և առաջատար մասնագետների հետ։ Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության շրջանակների ընդլայնմանն ուղղված նմանօրինակ այցերն ու մասնակցությունները միջազգային համաժողովներին՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական ոլորտի գործունեության շարունակական զարգացման ապահովմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել