Ֆորշը բնակարան նվեր ստացավ քաղաքապետարանից․ «Մենք սոցապ նախարարությունը չենք, այլ՝ քաղաքային իշխանություն»

Երևանի ավագանին մայիսի 23-ին նիստին որոշում ընդունեց ժամանակ Վահան Գևորգյանին (Ֆորշ) բնակարան նվիրելու վերաբերյալ։ Բնակարանն անհատույց օտարելու հարցը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

Ավագանու անդամը նշեց, որ Ֆորշը 10 տարուց ավել է, ինչ բնակվում է վարձակալական հիմունքներով։

«Հիշում եմ՝ մի օր հանդիպեցի Ֆորշին, ասացի՝ Ֆորշ, Ձեզ շատ եմ սիրում, քմծիծաղով նայեց վրաս, ասաց՝ լավ էլ ճաշակ ունես»,-նշեց նա։

Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե ինչու՞ է որոշում կայացվել բնակարաննվիրել հենց Ֆորշին։

«Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում ծանր կացության մեջ գտնվող մարդկանց, որ այդ խնդիրն ունեն, հարց հետևյալն է՝ արդյո՞ք մենք այստեղ լուծում ենք սոցիալական հարց, նկատի ունեմ, արդյո՞ք Ֆորշը դժվարանում է, ի վիճակի չէ իր վարձը վճարել։ Քանի որ քաղաքացիներից վերջին օրերին նաև շատ եմ լսել, որ Ֆորշը ակումբ ունի, սրճարան ունի»,-ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Նուարդ Վարդանյանը պատասխանեց․ «Մենք սոցապ նախարարությունը չենք, մենք քաղաքային իշխանություն ենք և մեր որոշումները ոչ միայն սոցիալական տարր են պարունակում, այլ նաև մշակութային, և ցույց է տալիս երևանցուն, որ քաղաքային իշխանությունը նաև մշակույթին աջակցելու և մշակույթը գնահատելու իրավունք ու կարողություն ունի»։

Հավելենք, որ որոշման նախագծում նշված է․ «Հաշվի առնելով Վահան Գևորգյանի /Ֆորշ/ անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել