Երևանի քաղաքապետարանը Ֆորշին բնակարան կնվիրի․ վերջինս բնակվում է վարձակալական հիմունքներով

Երևանի ավագանին մայիսի 23-ին նիստ կգումարի, որի ժամանակ Վահան Գևորգյանին (Ֆորշ) բնակարան նվիրելու վերաբերյալ որոշում կընդունի։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի համաձայն՝ կթույլատրվի Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն
համարվող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.63 ՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11112015-01-0090 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Վահան Գևորգյանին / Ֆորշ/:

«Ծնվել է 1967թ. մայիսի 25-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1985-92թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում:

1983թ-ից սկսել է գրել երգեր: 1994թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Բարև, իմ սեր»: Հետագայում թողարկել է նաև «Գիշեր» (1997թ.), «Խենթ աղջիկ» (2000թ.), «Այսպես էլ ապրում ենք» (2004թ.), «Երևանը մենք ենք» (2010թ.) ձայնասկավառակները: 1990-96թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր:

Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ` Ն.Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ.Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում:

Հեղինակել է ավելի քան 50 երգ: 1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» ընկերությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը:

Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Սիրված երգիչը բնակվում է վարձակալական հիմունքներով:

Հաշվի առնելով Վահան Գևորգյանի /Ֆորշ/ անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել