Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, անհրաժեշտ է պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները․ ՄԻՊ-ը՝ զոհված զինծառայողի մոր գործի մասին

Հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունը երաշխավորելու պայմաններում. ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։

«Քրեական արդարադատության շղթայում ընդգրկված իրավասու մարմինների հաշվետվողականությունն ու հանրային հաղորդակցության պատշաճ մեխանիզմների գործադրումը բացառիկ կարևորություն ունեն գործերի քննության օբյեկտիվությունը, ամբողջականությունը և անկողմնակալությունը երաշխավորելու տեսանկյունից։

Առանցքային է ոչ միայն այն հանգամանքը, որ ցանկացած գործի քննություն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, այլ կարևոր է նաև, որպեսզի գործի քննության առնչությամբ նման ընկալում ձևավորվի ցանկացած անկողմնակալ օբյետիվ դիտորդի մոտ։ Այս անհրաժեշտությունը հատկապես նկատելի է հանրային հետաքրքրություն ու զգայունություն ունեցող գործերի քննության շրջանակներում։

Հաշվի առնելով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի կալանավորման և առհասարակ նշված քրեական վարույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների պատշաճ հաշվետվողականության և օրենքով թույլատրելի հանրային անհրաժեշտ հաղորդակցության գործիքակազմերի ամբողջական գործադրումը գործի քննության ամբողջ ընթացքում։

Մարդու իրավունքների պաշտպանը, պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումները, ձեռնպահ մնալով ընթացիկ քրեական վարույթով որևէ գնահատական տալուց, արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց, արձանագրում է, որ քրեական վարույթի ընթացքում պետությունը պատասխանատվություն է կրում հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցի իրավաչափությունը:

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Այս առումով ևս Պաշտպանն ընդգծում է, որ իրականացվող վարույթի առնչությամբ հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում հանրային պատշաճ հաղորդակցություն իրականացնելու և քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունն ապահովելու պայմաններում։

Պետական իրավասու մարմինների պարտականությունն է երաշխավորել, որպեսզի վարույթն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, ինչպես նաև գործի դրվեն հանրային հաղորդակցության և հաշվետվողականության օրենքով թույլատրելի անհրաժեշտ կառուցակարգերը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ կարևոր է, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող, հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչներն իրենց խոսքով ու վարքագծով բացառեն և մեղմեն հանրային բևեռացումը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը:

Ավելին, առանցքային է, որպեսզի նշված անձինք իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է նաև, որ զոհված, ինչպես նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողների և հարազատների համար պետությունը տարբեր ձևաչափերով պետք է իրականացնի հոգեբանական աջակցության ծրագրեր, որոնք բացառիկ կարևորություն ունեն այս փուլում հասարակությունում առկա, այդ թվում՝ մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրները հաղթահարելու տեսանկյունից:

Քննարկվող քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել