Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում, գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց։
Մասնավորապես, Կոմիտեն առաջարկում է ԱԱՀ հարկման համակարգում գործունեություն իրականացնող հետաքրքրված անձանց` ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ տարածքի մաքսային հսկողության գոտու պայմաններին համապատասխան կարգի բերման և կահավորման, ծառայության մատուցման պայմանների վերաբերյալ մանրամասն առաջարկներ՝ ծառայությունների մատուցման նվազագույն շահավետ ժամկետի նշումով։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ առաջարկների քննարկման ժամանակ հաշվի են առնվելու հետևյալ պայմանները․
- տարածքի կարգաբերման ու կահավորման սեղմ ժամկետները,
- օրական աշխատաժամանակի տևողությունը, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին ծառայությունների մատուցման պատրաստակամությունը,
- օրական բեռնաթափման ծավալները,
- ծառայության գինը:
Ընտրված մասնակիցը պարտավոր է.
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցները բեռնարկղերից բեռնաթափման համար ապահովել առնվազն 2 (երկու) հատ ամբարձիչ՝ յուրաքանչյուրը 3.5-ից 5 տոննա բեռնվածքի հզորությամբ:
- Ապահովել ամբարձիչի վարորդների, բանվորների և այլ ծառայություն մատուցողների միջև, աշխատանքային պրոցեսում հեռահար կապ հաստատելու և բեռնաթափման աշխատանքները կոորդինացնելու ու արագ ուղղորդելու համար, առնվազն 3.5 կմ շառավիղ ունեցող ներքին կապի շարժական միջոց:
- Ապահովել աշխատանքների իրականացման գործընթացի ապահովագրության պարտադիր պահանջ:
- Ապահովել ծառայությունների մատուցման ժամանակ մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովման, ինչպես նաև ծառայություն մատուցողներին տարածքում գտնվող այլ անձանցից զանազանելու և պատշաճ տեսքով ներկայանալու նպատակով՝ համազգեստ, գլխարկ, սաղավարտ, ձեռնոց, կոշիկ, աշխատանքային արտահագուստ, անվանական քարտ:
Հայտերի ուսումնասիրման արդյունքում ընտրված կազմակերպության կողմից հայտում նշված պայմաններին համապատասխան ծառայությունների չմատուցման կամ ոչ պատշաճ որակով մատուցման դեպքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից միակողմանի դադարեցվելու է վերջինիս հետագա գործունեությունը նշված տարածքում և ընտրվելու է հայտ ներկայացրած մեկ այլ կազմակերպություն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 26-ն է:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ փոստին։