Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2019թ․ հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվում է՝
-ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար հատուկ էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա մարդկային և ժամանակային ռեսուրսների արդարացված խնայողության պայմաններում հավաքագրել և վերլուծել վերաբերելի տվյալներ, ինչպես նաև ամփոփել տվյալներն ըստ տարբեր ցուցանիշների և հատկանիշների.
-առաջարկվող համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին և միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով՝ սահմանելով անհրաժեշտ սահմանափակումներ.
-նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ,
-վերանայել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարգավորումներից ելնելով՝ ՀՀ կառավարությունը 2019 թվականին ընդունել է «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու մասին» որոշումը, որի պահանջների իրականացումն առաջացրեց բազմաթիվ բարդություններ, ինչից ելնելով առ այսօր հնարավոր չի եղել ամփոփել այն վիճակագրությունը, որը նախատեսվում էր ունենալ ընտանիքում բռնությունների վերաբերյալ։
Գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ պայմանավորված են վկայակոչված իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չպահանջելու անհրաժեշտությունը։ Գործող կարգին առնչվող ախտորոշված խնդիրները հիմնականում հանգում են հետևյալին.
-պահպանված չեն անձնական տվյալների պահպանության կանոնները, առկա իրավակարգավորումները թույլ են տալիս բռնության ենթարկված անձանց անհատական տվյալների շրջանառություն, որոնք հնարավորություն են տալիս ուղղակիորեն նույնականացնել անձին։ Բացի այդ, շրջանառվում են այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ չեն ամփոփ հաշվետվության ամբողջականությունն ապահովելու համար։ Այլ կերպ ասած՝ մարդու անձնական տվյալները մշակվում և հրապարակվում են առանց դրա անհրաժեշտության և առանց համաչափության կանոնների պահպանության․
-տեղեկատվական առկա համակարգը երբեմն հնարավորություն չի տալիս հետևելու յուրաքանչյուր դեպքի ընթացքին և գործի ելքին արդարադատության համակարգում, ինչն անհրաժեշտ է ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար արդարադատության մատչելիության և պատասխանատվության անխուսափելիության գնահատման տեսանկյունից և դեպքերի կրկնակի հաշվառումը բացառելու համար․
-էլեկտրոնային հարթակի բացակայության պայմաններում պատասխանատու մարմինները ստիպված են համապատասխան տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացնել թղթային տարբերակով և առանց մշակման, ինչը չափազանց բարդեցնում, իսկ որոշ դեպքերում՝ անգամ դարձնում անհնարին, և ժամանակատար է դարձնում տվյալների ամփոփումը և վերլուծությունը։ Այդ պատճառով մինչ այժմ հնարավոր չի եղել ամփոփել և հրապարակել 2019-2022 թվականների վերաբերյալ տեղեկությունները, ինչը բազմաթիվ բացասական հետևանքներ է առաջացնում ընտանիքում բռնության դեմ պայքարն արդյունավետորեն իրականացնելու համար։