Գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու նոր կարգավորումներ կսահմանվեն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և Վարչական դատավարության օրենսգրքում ևս վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել հստակ և սեղմ դատավարական ժամկետներ՝ արդյունքում ունենալով գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված կարգավորումներ, որոնց կիրառման արդյունքում՝ քննարկվող բնույթի վեճերը Վարչական դատարանում կքննվեն ավելի արագ, հայցի բավարարման դեպքում առավել արդյունավետ կիրականացվի անօրինական հիմքերով աշխատանքից ազատված աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը, ինչպես նաև ավելորդ մեծածավալ փոխհատուցման բեռ չի սահմանվի գործատուի համար:

Բացի այդ, կբացառվեն քաղաքացիական և վարչական դատավարության կարգով քննվող աշխատանքային վեճերի պարագայում առկա ժամկետային տարբերությունները:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային ծառայություն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Միևնույն ժամանակ, քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումների համեմատությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն քաղաքացիական դատավարության օրենսգրքի, որով սահմանված են հատուկ հայցային վարույթի կարգով քննվող առանձին աշխատանքային վեճերի (աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճեր) քննության և առանձին դատավարական գործողությունների կատարման հստակ և կրճատ ժամկետներ, վարչական դատավարության օրենսգրքով հանրային ծառայության իրականացմանն առնչվող և հատկապես ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի առնչությամբ գործի քննության ժամկետ սահմանված չէ, միայն վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ գործը դատաքննության նախապատրաստելը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության և լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են որոշակի ժամկետներ։

Փաստացի ստացվում է, որ հանրային ծառայության մեջ չգտնվող անձին աշխատանքից ազատելու դեպքում գործի քննության համար հստակ ժամկետներ կան սահմանված, մինչդեռ նույն երաշխիքը բացակայում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար, ինչը գործնականում խնդրահարույց է մի շարք նկատառումներով:

Որպես նշված խնդրի լուծում՝ մշակվել է սույն նախագիծը, որով Վարչական դատավարության օրենսգրքում ևս վարչական կարգով քննվող որոշակի վեճերի (հանրային ծառայության իրականացման ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճեր) համար նախատեսվում է ինչպես գործի քննության հստակ և կրճատ ժամկետ, այնպես էլ առանձին դատավարական գործողությունների կատարման հստակ և կրճատ դատավարական ժամկետներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել