Արցախը 148 օր է՝ շրջափակման մեջ է

Արցախը 148 օր է շրջափակման մեջ է։

Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մայիսի 8-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել:

Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար խափանում էր Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքները․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից:

Առաջին լուսանկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս վիճակը»։

2023 թվականի մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1855 զանգ: Կանչերից 11-ը տեխնածին, 28-ը՝ կենցաղային բնույթի են:

ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 6 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

«Օձի հայտնաբերման վերաբերյալ 1 կանչ է գրանցվել: Սողունը հայտնվել է Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Հրդեհի բոլոր դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում: Հրշեջներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 4 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 169 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների կողմից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնում պայթեցման աշխատանքներ, որի մասին Sms հաղորդագրությամբ իրազեկվում է քաղաքացիներին։

Կյանքի համար վտանգ հանդիսացող զինամթերքի հայտնաբերման մասով մեկ կանչ է գրանցվել մայիսի 6-ին: Շոշ համայնքի բնակիչը, գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ: Նույն օրը ռազմամթերքը տեղում վնասազերծվել է:

Շուրջօրյա ծառայության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերում բնակչությանը, արձագանքում քաղաքացիների բոլոր ահազանգերին: Դրան զուգահեռ, պարբերաբար անցկացվում են մասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներ` փրկարար ծառայողների մասնագիտական ունակությունների բարձրացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկին՝ Ագշին Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։

«Դատարանի մայիսի 4-ի 2023 թվականի դատավճռով՝ Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով»,- հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինծառայողի՝ Հուսեյն Ախունդովի քրեական քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։

Այսօր Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի հրահրած վերահաս բնապահպանական աղետի վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ և վճռական միջամտությունը՝ թույլ չտալու մարդու իրավունքների զանգվածային ու կանոնավոր խախտումների շարունակումն Արցախում և կասեցնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերն ու ցեղասպան մտադրությունները։

Հայտարարության մեջ ասվում է. «Գրեթե 5 ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության պաշարումը, որն ուղեկցվում է տրանսպորտային և էներգետիկ ապօրինի շրջափակմամբ և հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով համակարգված ու հետևողականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։ Այս քաղաքականության շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծել, այլ նաև արհեստականորեն հրահրել բնապահպանական աղետ և խարխլել Արցախի կայուն զարգացման հիմքերը։

Մասնավորապես, ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ հոսանքագծի վթարի վերացումն Աղավնո-Բերձոր հատվածում։ Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով ադրբեջանական կողմը կանոնավոր կերպով խափանել է նաև Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքը։ Վերջին անջատումից արդեն 2 ամիս է անցել։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանը դարձավ էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ հնարավորությունը, սակայն ադրբեջանական իշխանությունների՝ պաշարման և էներգետիկ շրջափակման չդադարող քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ցրտաշունչ ձմռան ընթացքում Արցախի պաշարված բնակչության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով ջրամբարից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր։

Արցախի իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման միտումնավոր արգելափակման շարունակումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մասնավորապես, Սարսանգի ջրամբարի համար, որը քաղցրահամ ջրի ամենախոշոր ու կենսական նշանակություն ունեցող աղբյուրն է Արցախում։ Սարսանգի ջրամբարի ցամաքումը բնապահպանական լուրջ հետևանքներ կառաջացնի տարածաշրջանի ողջ էկոհամակարգի համար․ Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի որոշ շրջանների բնակչությունը կզրկվի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներից։

Սարսանգի ցամաքման համար նախապայմաններ ստեղծելով և բնապահպանական աղետ հրահրելով՝ Ադրբեջանի իշխանությունները միանգամից մի քանի նպատակ են հետապնդում, այդ թվում՝ անտանելի կենսապայմաններ ստեղծել Արցախում և հող նախապատրաստել ջրային ռեսուրսների անբարեխիղճ օգտագործման մեջ մեղադրանքների համար՝ որպես նոր ռազմական սադրանքների պատրվակ։

Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի հակաիրավական և ագրեսիվ շարունակական գործողություններով պայմանավորված՝ շեշտակի վատթարանում է հումանիտար իրավիճակն Արցախի Հանրապետությունում և ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում։ Ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակում խիստ անհրաժեշտ ենք համարում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման ապահովումը, ինչպես նաև միջազգային հանրության և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ և վճռական միջամտությունը՝ թույլ չտալու մարդու իրավունքների զանգվածային ու կանոնավոր խախտումների շարունակումն Արցախում և կասեցնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերն ու ցեղասպան մտադրությունները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել