Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Iravaban․net-ը հայտնում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` երրորդ անձանց տրամադրման շրջանակը և տրամադրվող տեղեկատվության ծավալը։
Պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, իսկ բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, այն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և համաձայնությունը տալուց հրաժարված անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը:
Նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար այդ դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվում է լրամշակել բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության երրորդ անձնաց տրամադրելու վերաբերյալ իրավադրույթները` դրանք համապատասխանեցնելով քրեադատավարական նորմերին և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներին, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում ՀՕ-537-Ն օրենքով կատարված լրացումներին:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում անդրադարձ է կատարվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտի վերաբերյալ նրա կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամին տեղեկատվություն տրամադրելու հարցին, ինչպես նաև ամրագրվում է պացիենտի իրավունքը հրաժարվելու իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց, և սահմանվել է բացառություն վերջինիս վերաբերյալ առկա գենետիկական հիվանդությունների մասով, կանոնակարգվել են բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալուց պացիենտի, նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հրաժարվելու դեպքում տվյալ բժշկական կազմակերպության կողմից կատարվող գործողությունները, մասնավորապես` նման դեպքերում այդ մասին պետք է կազմվի արձանագրություն, որը նույն օրը պետք է մուտքագրվի էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ արձանագրության օրինակը պատշաճ ձևով պետք է ծանուցվի գրավոր համաձայնությունը տալուց հրաժարված անձին:
Բացառություն է ամրագրվել նաև գործող խմբագրությամբ մշտադիտարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ տվյալների ապանձնավորված տրամադրման պահանջից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար` հաշվի առնելով, որ այդ դեպքերի վերաբերյալ առկա տվյալների ամբողջական տրամադրումը լիազոր մարմնին կապահովի մշտադիտարկում իրականացնելու նպատակերի հասանելիությունը:
«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով վերանայվել է նաև «Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը» վերտառությամբ 22-րդ հոդվածը և վերացվել է օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների իրականացման կարգը լիազոր մարմնի կողմից սահմանվելու լիազորությունը, ինչպես նաև ամրագրվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող օտարերկրացի անձի դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենի կողմից արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին գրավոր տեղեկացնելու պարտականությունը:
Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` երրորդ անձանց տրամադրման շրջանակը և տրամադրվող տեղեկատվության ծավալը` համապատասխանեցնելով գործող քրեադատավարական նորմերին: Պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, իսկ բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, այն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և համաձայնությունը տալուց հրաժարված անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը:
Նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար այդ դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն: