Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարում նախատեսվում է ունենալ 12 դատավոր. Արդարադատության փոխնախարար

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում 2022 թվականին ընդունված փոփոխություններով նախատեսում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից:

Սակայն ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոհիշյալ նորմերի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ Առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննություն իրականացվում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանի կողմից, բայց այդ նույն գործերով կայացված ակտերի վերաքննություն իրականացնում են Վերաքննիչ քաղաքացիական եւ Վերաքննիչ քրեական դատարանները: Ինստիտուտի բնականոն եւ լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում` օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում, որը նախատեսվում է սույն թվականի հունիսի 15-ը:

Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը մայիսի 2-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Փոխնախարարի խոսքով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել, այն է` ավելի վաղ ժամկետ (հունիսի 15) սահմանել նաեւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքում, քանի որ նշված օրենքի առաջին եւ երկրորդ մասերի ուժով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված, ռիսկայնությունից ելնելով` օրենքով սահմանված կարգով նախատեսվել է տալ հավելում` 2024 թվականի հունվարի 1-ից:

Պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի` դատավորների եւ նրանց օգնականների վարձատրության չափի վերանայմանը վերաբերող հարցին` Լեւոն Բալյանը նշել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի վարձատրության չափի բարձրացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն:

Զեկուցողի տեղեկացմամբ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարում նախատեսվում է ունենալ 12 դատավոր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ դատարանների շենքային պայմաններին` նշելով, որ միջոցներ են ձեռնարկվում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան դատարաններ:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել