ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«2023թ. ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն:
Հարցի կարևորությունը հաշվի առնելով` մենք ևս հարկ ենք համարում անդրադառնալ նշված խնդրին:
Լրատվական բաց աղբյուրներում պետական դավաճանության վերաբերյալ հնչեցված թվերը հակասական են: Վարչապետն իր խոսքում հիշատակել է 53 անձի մասին, «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում նշվել է 2022 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից զինված ուժերի զինծառայողների նկատմամբ նախաձեռնված պետական դավաճանության 17 գործի մասին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել 63 անձի:
Հատկանշական է, որ ԱԱԾ պաշտոնական կայքում զետեղված տվյալներից հնարավոր չէ ի մի բերել ու հասկանալ, թե նշված ժամանակահատվածում քանի անձ է մեղադրվել, նրանցից քանիսի նկատմամբ է վարույթը կարճվել, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդումը շարունակվում, քանիսի վերաբերյալ են գործերը դատարան ուղարկվել, դատավճիռ կայացվել: Եվ, ամենակարևորը, որևէ պաշտոնական աղբյուրում չի ընդհանրացվում, նշվում, թե մեղադրվող անձինք կոնկրետ երբ, ինչ ժամանակահատվածում և ինչ դրդապատճառներով են հավաքագրվել:
Մեր ուսումնասիրությունները, ստացված տվյալները վկայում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրված 63 անձի (ընդունենք 63 թիվը) զգալի մասը` մոտ 90 տոկոսը, հավաքագրվել է 44-օրյա պատերազմից, իսկ մնացած 10 տոկոսը` 2018 թվականի հեղափոխությունից հետո:
Ընդամենը հինգ տարվա ընթացքում 63 անձի հավաքագրումը պարզապես բացառիկ, նախադեպը չունեցող փաստ է և ցավոք որևէ երաշխիք չկա, որ բացահայտվել են բոլորը: Այսինքն` եթե բացահայտվում է 63 անձ, դա նշանակում է, որ հավաքագրումն ընդգրկել է անհամեմատ մեծ թվով մարդկանց:
Սա խոսում է այն մասին, որ երկրում առկա են առանցքային հիմնախնդիրներ, որոնք էլ պարարտ հող են ստեղծում, տասնյակ մարդկանց դրդում գնալ դավաճանության, հայրենիքն ուրանալուն:
Մեր գնահատմամբ պետական դավաճանության առանցքային պատճառները հետևյալն են`
- իշխանությունների ցածր վարկը, նրա նկատմամբ անվստահությունը, պետության աննախադեպ թուլացումը, ապագայի հետ հույս չկապելը,
- բնակչության ցածր կենսամակարդակը, խոցելիությունը, ֆինանսական շահագրգռվածությունը, նյութական խրախուսումը,
- պետությունում ու հասարակությունում հաստատված դիսբալանսը` բաժանումն օտարների ու յուրայինների (սևերի ու սպիտակների), միմյանց նկատմամբ խորը, անզիջում թշնամանքը,
- ուժային կառույցներում առկա անարդարությունների նկատմամբ ունեցած ատելությունն ու վրեժխնդրությունը,
- ուժեղ պետությանը, պատերազմում հաղթածին ծառայելու ձգտումը` այդ համագործակցությունից հետագայում ենթադրվող շահի ակնկալիքով,
- զինվորական ստորաբաժանումներում պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը,
- հասարակության մեջ հայրենասիրական, ազգային գաղափարներ չքարոզելը, անձանց հերոսությունները, զոհողությունները պատշաճ չգնահատելը, գերության մեջ հայտնվածներին անտեսելը, մոռացության մատնելը և ընդհակառակը, գլոբալիստական, նյութապաշտության ոգով մարդկանց դաստիարակելը,
- հակառակորդի լարած թակարդներում քաղաքացիների միամտաբար հայտնվելը, որի կանխարգելման ուղղությամբ ևս բավարար աշխատանքներ չեն իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից:
Այս պատճառները, բացթողումները տեսնելու, վերացնելու փոխարեն իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին, պետական դավաճանության դեպքերի այսչափ առկայության մեջ կրկին փորձում են մեղավոր համարել ԱԱԾ նախկին աշխատակիցներին:
Սա պարզունակ, անազնիվ մոտեցում է, քանի որ, կրկնում ենք, հավաքագրման դեպքերը գրեթե հարյուր տոկոսով տեղի են ունեցել ներկայիս իշխանության գործունեության տարիներին, և չկա բացահայտված որևէ դեպք, որը վկայեր, որ պետական դավաճանության գնացած անձը հավաքագրվել է 2018-ի հեղափոխությունից առաջ ու չի բացահայտվել, գտնվել ԱԱԾ տեսադաշտում, թեպետ նման բացառիկ դեպքեր կարող էին և լինել` լրտեսության, հայրենիքի դավաճանության դեպքերի բացահայտման հարյուր տոկոսանոց երաշխիք որևէ մեկը չի կարող տալ»: