Առաջարկվում է խստացնել սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների պատիժը. նախագծի մանրամասներ

Այսօր Ազգային ժողովը քննարկել է ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը:

Ազգային ժողովի կայքի փոխանցմամբ` նախագծով առաջարկվում է վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբող Օրենսգրքի 75-րդ հոդվածում լրացում կատարել, ըստ որի՝ անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` Օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը կսկսվի տուժողի տասնութ տարին լրանալու պահից:

Առաջարկվում է 138-րդ եւ 139-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի թվին ավելացնել նաեւ համապատասխան արարքը կատարելը ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով, ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից, անձին առեւանգելով կամ ազատությունից ապօրինի զրկելով:

Նախագծով առաջարկվում է նաեւ որպես արարքի առանձնապես վտանգավոր նոր տեսակ սահմանել համապատասխան արարքը կատարելը երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն: Նշված լրացմամբ պայմանավորված, նախագծով առաջարկվում է նաեւ սանկցիայում նախատեսված հիմնական պատժի հետ միասին սահմանել լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը երեք տարի ժամկետով:

Օրինագծով առաջարկվում է Օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված արարքի որակյալ հանցակազմ սահմանել այդ արարքը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կատարելը` նախատեսելով ավելի խիստ պատիժ` ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով:

Առաջարկվում է տասնութ տարին լրացած անձի կողմից տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքում որպես որակյալ հանցակազմ նախատեսել միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը, ինչպես նաեւ նույն արարքը կատարելը մի խումբ անձանց կողմից կամ քսանմեկ տարին լրացած անձի կողմից: Նշված որակյալ հանցակազմերի առկայության պարագայում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ` չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Առաջարկվում է 141-րդ հոդվածի երրորդ մասով սահմանել առավել խիստ պատիժ համապատասխան արարքը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կատարելու համար եւ այն դեպքերում, երբ արարքը կատարվում է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է վերջինիս դաստիարակության կամ խնամքի պարտականություն` որպես պատիժ սահմանելով ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով: Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասով որպես որակյալ հանցակազմ նախատեսել անառակաբարո գործողություններ կատարելը տասնվեց տարին լրացած անձի կողմից` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 21 տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից, միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար, տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամաբ:

Առաջարկվում է սահմանել երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ավելի խիստ պատիժ է առաջարկվում սահմանել այն դեպքերի համար, երբ համապատասխան արարքը կատարվել է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն, ինչպես նաեւ այն կատարելը տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ: Նմանատիպ դեպքերի համար նախագծի երրորդ մասի սանկցիայով նախատեսվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում: Առաջարկվում է կատարելագործել Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված որոշ հանցագործությունների դիսպոզիցիաները, ինչպես նաեւ որոշակի փոփոխություններ կատարել կոնկրետ հոդվածների սանկցիաներում:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել