Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ  դատախազությունում այսօր քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու ու  նրա իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ:  

2013թ. օգոստոսի 26-ի  որոշմամբ  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը  վերացրել է Հ.Սարգսյանի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին  ՀՀ ՀՔԾ   2012թ. հունիսի 25-ի որոշումը, իսկ դատարանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:   ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով  զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը և  պաշտոնեական անփութությունը)    հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:   2012թ. ապրիլի 14-ին, որպես  կասկածյալ հարցաքննության ժամանակ Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը հայտնել է, թե ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և Երևան տեղափոխվելուց հետո բռնության է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն հրաժարվում է նրանց ինքնությունը հայտնել։  

2012թ. ապրիլի 16-ին, քննիչի կողմից կայացվել է որոշում՝ Հարություն Սարգսյանի մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի  եզրակացությամբ փաստվել է, որ Հարություն Սարգսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ և ձախ ականջախեցիների հետին մակերեսների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի, ձախ բազկի և ձախ ազդրի  հետին մակերեսների, ձախ սրունքի առաջաներսային մակերեսի արյունազեղումների, ինչպես նաև կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի քերծվածքի ու հետին մակերեսի՝ անցումով գոտկային հատվածի քերծվածքների ձևերով, պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:  

2012թ. ապրիլի 23-ին հիշյալ  նյութերը  ուղարկվել են ՀՀ   հատուկ քննչական ծառայություն, որտեղ հաստատված է համարվել, որ Հարություն Սարգսյանին 2012թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխելուց հետո ՁՊՎ ոստիկանների կողմից թույլ է տրվել անփութություն՝ ձերբակալվածը պատշաճ զննության չի ենթարկվել, սակայն եզրահանգել է նաև, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ապացույցները բավարար չեն, ուստի նրանց արարքներում բացակայում է հանցակազմը։  

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 2012թ. հունիսի 25-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ աշխատակիցների վերաբերյալ՝ hանցագործության դեպքի բացակայության հիմքով, ինչը վերացվել է եւ դատախազության կողմից հարուցվել քրեական գործ։ 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել