Կինը մեղադրվում է «Տաշիր»-ի աշխատակիցներին ավելի քան 59 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է  Աննա Սահակյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրվում էր այն բանի համար,  որ, հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Ալլա Հակոբյանի հետ, 2009թ. հունիսից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գույք հափշտակելու դիտավորությամբ, շարունակաբար, վերավաճառելու և նույն ժամանակահատվածում գումարները վերադարձնելու, ինչպես նաև կարճ ժամանակով գրավադնելու և վերադարձնելու պատրվակներով վերցրել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Սակայն վերավաճառքից ստացած ողջ գումարը չեն վերադարձրել, այլ  որպես վստահության երաշխիք`  100-ական ԱՄՆ դոլար է տվել տուժողներին՝  բերելով տարբեր պատճառաբանություններ, թե կվերադարձնեն գումարներն ու ոսկեղենը, սակայն խաբեությամբ հափշտակել են դրանք։ Բացի այդ, հայտարարելով, իբրև թե շահավետ գործարքի համար սեղմ ժամկետով շտապ գումար է անհրաժեշտ, ամբաստանյալը այդ պատրվակով նույնպես կանխիկ գումար է վերցրել և հափշտակել։

Այսպիսով, ամբաստանյալը և Ալլա Հակոբյանի հետ հանցավոր համաձայնությամբ տուժողներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 59 միլիոն 50 հազար 634 դրամ:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները  դատարանը վճռել է  ամբաստանյալ Աննա Սահակյանին  մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 25 միլիոն դրամը, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2010թ. սեպտեմբերի 11-ից։ Ինչպես նաև  հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 41 հազար 220 դրամ՝  որպես դատական ծախսեր։

Դատավճռի համաձայն՝ խափանման միջոց կալանավորումը պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 

Նշենք, որ վերոնշյալ դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը անփոփոխ է թողել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը:

Սակայն Վճռաբեկ դատարանը որոշեց ամբաստանյալ Աննա  Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 

 Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել