Վիճակախաղը հրապարակային միջոցառում է, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության:
Վիճակախաղի կազմակերպիչներ կարող են լինել օրենքին համապատասխան վիճակախաղերի գործունեության իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող` համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպությունները:
Կազմակերպիչը`
ա) բացառությամբ տոտալիզատորների (խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով) կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը.
բ) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.
գ) իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնում է այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին և շահողի ցանկությամբ տրամադրում դրամական շահումը.
դ) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը.
ե) շահման փաստը և արժեքը հրապարակում է միայն շահողի համաձայնությամբ, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.
զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը.
է) վիճակախաղի մարված տոմսերը հաշվառում և պահպանում է օրենքի համաձայն.
ը) վիճակախաղի կազմակերպման գործունեությունից բացի, կարող է զբաղվել միայն վիճակախաղերի տոմսերի իրացման, պատրաստման և (կամ) ներմուծման գործունեությամբ.
թ) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքի գումարը.
ժ) վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.
ժա) օրենքով սահմանված կարգով ստանալով լիցենզիա` կարող է իրականացնել օրենքով նախատեսվածվիճակախաղերի բոլոր տեսակները` պարտադիր օգտագործելով իր ֆիրմային անվանումը (լոգոն).
ժբ) վիճակախաղի մասնակցի առաջին իսկ պահանջով տրամադրում է տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լուսապատճենը` այդ վիճակախաղի պայմաններին ծանոթանալու համար.
ժգ) յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի հիման վրա կազմակերպվող ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` առավելագույնը երեքամսյա ժամանակահատվածում, ապահովում է սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից:
Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք:
Արգելվում է վիճակախաղերի տոմսերի վաճառքի իրականացումը շահումների ցուցադրման վայրից 500 մետրից մոտ հեռավորության վրա: