Ըստ մասնագետների՝ ռադիոակտիվ թափոնը ռադիոակտիվ նյութ է կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և ենթակա է կենսոլորտից մեկուսացման։ Իսկ աշխատած միջուկային վառելիքը միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ճառագայթված միջուկային վառելիքն է, որը վերջնականապես հեռացվել է ակտիվ գոտուց։
Ռադիոակտիվ թափոնների աղբյուրներն են՝
1) միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր օգտագործող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները.
2) ռադիոակտիվ հանքանյութեր արդյունահանող և հարստացնող օբյեկտները.
3) ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող օբյեկտները.
4) այն օբյեկտները, որտեղ առկա ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի օգտագործման ժամկետը լրացել է, կամ դադարեցվել է դրանց օգտագործմամբ գործունեությունը.
5) այն օբյեկտները, որտեղ առաջացել են հետազոտական նպատակներով ռադիոակտիվ նյութեր ներարկված կենսաբանական օբյեկտների մնացորդներ (կենդանիների դիակներ, բույսերի փորձանմուշներ և այլն).
6) այն օբյեկտները, որտեղ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների օգտագործման ժամանակ առաջացել են ռադիոակտիվ աղտոտման ենթարկված սարքավորումներ, արտահագուստ և նյութեր.
7) շահագործումից հանվող ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտները, որտեղ աշխատանքներ են կատարվել միջուկային և (կամ) ռադիոակտիվ նյութերի հետ.
8) ռադիոակտիվ աղտոտման ենթարկված շրջակա բնական միջավայրի օբյեկտները (հող, ջուր, բուսականություն):