Բնակչության պաշտպանությունն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է տարբերակված` ըստ տարիքային, բնատարածքային, ռազմավարական, տնտեսական առանձնահատկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բնակչության պաշտպանության ձևերն են` տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը:
Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ելնելով անհրաժեշտությունից` բնակչությունը վտանգավոր տարածքից կարող է տարհանվել հետիոտն` կազմակերպված շարասյուներով: Տարհանումը և տարհանվող բնակչության ընդունումն ու տեղաբաշխումն իրականացնում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:
Բնակչության պատսպարումն իրականացվում է վերգետնյա, ստորգետնյա հատուկ շինություններում (ապաստարաններ, թաքստոցներ, մետրոպոլիտեն) և բնակելի ֆոնդի տարածքներում: Բնակչության պատսպարումն իրականացվում է բնակչությանը պաշտպանության մասին տեղեկացման համապատասխան ազդանշաններով: Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
Բնակչության պատսպարումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:
Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օրգանները և մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից և թունավոր նյութերի ազդեցությունից:
Անհատական պաշտպանության միջոցներով ապահովումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:
Բնակչության տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը կազմակերպում ու իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` ՀՀ կառավարության սահմանած կարգով: