Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝  պարզելու Երևան քաղաքի Սարյան փողոցում ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի բոլոր հանգամանքները։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 03։25-ին, պարեկային ծառայության երկու աշխատակից Երևան քաղաքի Սարյան փողոցում կանգնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Մոտենալով վարորդին՝ պարեկները պահանջել են ներկայացնել փաստաթղթեր, մինչդեռ ավտոմեքենայի վարորդը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի կատարել նրանց օրինական պահանջը, ավելին՝ հրել է, քաշել տեսախցիկը և սպառնալիքներ հնչեցնելով փորձել դիմել փախուստի։ Այդ ընթացքում նշված ավտոմեքենայի ուղևորը, ով հանդիսանում է վարորդի եղբայրը, փորձել է խոչընդոտել վարորդին բռնելու և ձերբակալելու՝ պարեկների օրինական գործողություններին։  

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, ձերբակալվել է ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով: 

Հարուցված քրեական հետապնդման հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել