Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.
• ԱՀԿ առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու,
• անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
• ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:
Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու:
Նշել է, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցին հարցին անդրադառնալու համար:
ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ, խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:
Անահիտ Ավանեսյանն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում: