Հայտնաբերվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություն. ոստիկանություն

Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հերթական դեպքը, որ վերաբերում է կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելուն, բացահայտել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։ Տեղեկությունները բազմակողմանի ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին այդ տներ։ Տեղեկությունները ճիշտ էին։ Զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։

Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել