Կառավարությունը որոշել է լրացում կատարել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» կանոնադրության մեջ

Iravaban.net-ին հայտնի է դարձել, որ Կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» կանոնադրության մեջ լրացում կատարելու մասին։

Մինչև սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի ձևավորումն ու ռեկտորի ընտրությունը ԲՊՀ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով կատարելու իրավասություններ կանոնադրությամբ, որպես համալսարանի հիմնադիր փաստաթուղթ, վերապահել ԲՊՀ պրոռեկտորներից մեկին։

Կառավարությունն այս որոշում ընդունել է գրավոր քվեարկությամբ։

Մասնավորապես առավել երկար ստաժ ունեցող պրոռեկտորին, ինչպես նաև ամրագրել դրույթ, որ անհնարինության դեպքում՝ պրոռեկտոր(ներ)ի պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտոր(ներ)ի բացակայության կամ այլ պատճառով պրոռեկտոր(ներ)ի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում՝ մինչև կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը (ընտրության արդյունքների հաստատումը) ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է ԲՊՀ դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, ով ունի ԲՊՀ պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ ԲՊՀ պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ ԲՊՀ-ում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը:

Ըստ բուհի կանոնադրության 55-րդ կետի 18-րդ ենթակետի՝ ԲՊՀ-ի ռեկտորն իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին, իսկ 62-րդ կետով ամրագրված է․ «Պրոռեկտորներն իրականացնում են ԲՊՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում՝ ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան»։

«Ինչպես վերոնշյալ օրենքներով, այնպես էլ կանոնադրությամբ այլ կարգավորումներ նախատեսված չեն ռեկտորի թափուր հաստիք /անկախ պատճառներից/ առաջանալու դեպքում ռեկտորի պարտականությունների կատարման վերաբերյալ։

Նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է համալսարանում ստեղծված իրավիճակով, որպիսի պայմաններում /բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի և գործադիր մարմնի՝ ռեկտորի բացակայություն/ առաջարկվող կարգավաորումների նպատակն է հնարավորինս հստակեցնել բուհի կառավարման մարմինների գործողությունները։

Բուհերի կանոնադրությունների համապատասխան կանոնադրության մեջ փոփոխություններ կարող են կատարել հիմնադիրը, ինչպես նաև հաստատության կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող հոգաբարձուների խորհուրդը /ԲՊՀ-ի կանոնադրության 63-րդ կետ/։

ԲՊՀ կանոնադրության 4-րդ կետի համաձայն՝ ԲՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության:

Հիմնադրի՝ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նորմը բխում է նաև «Հիմնադրամների մասին» օրենքից։

Այսպես, «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել