Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ:
Քննարկվել են վարչապետ Փաշինյանի՝ 2022 թվականի հունիսին Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, առաջիկայում հնարավոր փոխայցերի կազմակերպման հետ կապված հարցեր:
Մտքեր են փոխանակվել Վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ:
Արայիկ Հարությունյանն այցելել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերություն: Քննարկվել են տարածաշրջանային և ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր:Կարճատև այցի ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը եղել է նաև Կատարի ազգային գրադարանում և Իսլամական արվեստի թանգարանում՝ ծանոթացել գրադարանում առկա ֆոնդին և թանգարանի ցուցանմուշներին: