Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը հունվարի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»: