Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ.
«Հարգելի հայրենակիցներ,
Սիրելի զինվորներ և սպաներ,
Շնորհավորում եմ ձեզ մեր Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման պահից բանակի գերագույն կոչումն ու առաքելությունը մեկն էր՝ մեր հայրենիքի սահմանների, մեր քաղաքացիների անվտանգության պահպանությունն ու պաշտպանությունը և ամենակարևորը՝ մեր երկրում խաղաղության երաշխավորումը:
Անցած տասնամյակների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցան՝ ճաշակելով և’ հաղթանակի բերկրանք, և’ կորուստների դառնություն, բայց մեր բանակի վերջնական նպատակը մնացել է միշտ նույնը՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար:
Խաղաղ, անվտանգ ու պաշտպանված հայրենիք ունենալու համար հազարավոր հայոդիներ նվիրեցին իրենց կյանքը. խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ:
Սիրելի հայրենակիցներ,
Զինված ուժերի 31-րդ տարեդարձը նշում ենք պետականության համար վճռական ժամանակաշրջանում: Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը, հակառակորդները շարունակում են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը և վերջինիս մենք՝ որպես պետություն, կարող ենք հակադրել միայն ժամանակակից, կայացած, ամուր ու պրոֆեսիոնալ բանակ:
Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, բայց այդ գործում առավել էական է, թե որ սկզբունքներն ու հայեցակարգն են լինելու մեր ուղենիշերը: Այդ գաղափարները հստակ են՝ խաղաղություն, մեր պետության սահմանների ու ինքնիշխանության պաշտպանություն և անվտանգություն: Հենց այս նպատակներին հասնելու համար բանակին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներիս աներկբա զորակցությունը, որովհետև բանակն ինքնաբավ ու ինքնուրույն մի կառույց չէ, այլ մեր հասարակության խտացված արտացոլանքն ու պետական մտածողության բյուրեղացման արդյունքը:
Սիրելի զինվորներ ու սպաներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, տոկունություն և ամուր կամք»: