ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետներն այսօր կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։ Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։
Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով, «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ hամապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթարկվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։