ԱԺ-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների շուրջ» քննարկման հարցով:
«Պարո՛ն նախագահ,
Ուզում եմ՝ մի քանի կարևոր փաստ արձանագրենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
1. Մի կողմ թողնելով հակամարտության քաղաքական եւ պատմական պատճառները՝ ֆիքսենք. շուրջ 120.000 մարդ 46 օր շարունակ գտնվում է շրջափակման մեջ: Նրանք մատնված են սովի և գոյատեւում են ծայրահեղ պայմաններում: Դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նրանք հայ են եւ ցանկանում են ազատ ու արժանապատիվ կյանք ունենալ իրենց հայրենիքում:
2. Այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք փակել են Լաչինի միջանցքով անցնող «կյանքի ճանապարհը», հատուկ պատրաստված «հատուկ գործակալներ» են եւ ֆինանսավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: 30 տարվա ընթացքում Ադրբեջանում գազի եւ նավթի պաշարների կոռուպցիոն ու անարդար շահագործման դեմ «էկոակտիվիստների» կողմից բողոքի կամ հասարակական որեւէ նշանակալից ակցիա տեղի չի ունեցել:
3. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է անհապաղ դատապարտվի եւ պատժվի միջազգային իրավունքի շրջանակում՝ միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների կողմից:
4. Ադրբեջանի քաղաքական ռեժիմը չի կարող համարվել վստահելի գործընկեր, ում հետ կարելի է բանակցել, քանի որ պարզապես չկա երաշխիք, որ որևէ պայմանավորվածություն կպահպանվի:
5. Էթնիկ զտումների պետական քաղաքականությունը դատապարտելը չի նշանակի, որ որևէ իշխանություն «կողմնակալ է»: Միջազգային իրավունքի համաձայն՝ հանցագործության իրականացումը թույլ տալը հավասարապես ապօրինի է: Պետական այս քաղաքականությունը չդատապարտելը ճանապարհ է բացում Ադրբեջանի ագրեսիայի համար, որը ձգտում է տարածաշրջանում հայերի ներկայությանը «վերջնական լուծում» տալ:
6. Ադրբեջանի քաղաքականության անպատժելիության պայմաններում, որն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, հայերը չեն կարող հույս դնել միջազգային երաշխիքների որեւէ մեխանիզմի վրա, ինչը կստիպի Ադրբեջանին գործել որեւէ «խաղաղության պայմանագրին» համապատասխան: Ուստի այդ խաղաղության գործընթացը չպետք է արհեստականորեն առաջ տարվի:
7. Նկատելի է որոշ շրջանակներում Հայաստանին առաջ մղելու, Ադրբեջանի պայմաններով արագ «խաղաղության գործարքի» հասնելու եւ այդպիսով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխելու մղումը: Աներեւակայելի է, որ Եվրոպան կուրորեն գնում է դեպի մեկ այլ ագրեսորի հետ նոր Մյունխենյան պայմանագիր կնքելու… Այս մտավախությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի նախագահի բացահայտ եւ հրապարակային տարածքային պահանջներով, որոնք տարօրինակ կերպով աշխարհում ոչ ոք չի ցանկանում տեսնել:
8. Առանց տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը պատշաճ կերպով հաշվի առնելու, առանց այդ ազգերից յուրաքանչյուրի եզակի պատմական եւ քաղաքակրթական դերը մեր տարածաշրջանում ընդունելու՝ նման «արագ խաղաղության պայմանագիրը» չի ապահովի երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն մեր տարածաշրջանում:
Եվ վերջապես.
«Պաշտպանելու պատասխանատվություն» քաղաքական հայեցակարգը և «անջատում հանուն փրկության» իրավական դոկտրինը պետք է համարվեն լիովին վերաբերելի Լեռնային Ղարաբաղի դեպքում:
Եթե ոչ այս դեպքում, ապա որտե՞ղ:
Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»: