Ով է թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն․ Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում: Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում:..»:

Ն.Փ-ն առաջ քաշեց 5 լիտրանոց տարայով բենզինից առաջացած հրդեհից 15 զինծառայողի զոհվելու վարկածը և այն էլ այնպիսի մանրամասնությամբ, որ մի պահ պատկերացրեցի, թե ինչպես է սպան բենզինի վառվող տարան ինքնապահպանման բնազդից դրդված նետում քնած զինվորների վրա ու այդ 5 լիտր բենզինը կրակի հետ հարաբերվելով կարծես դառնում է 50 լիտր ու այդպիսի ծանր հետևանքներ է առաջացնում:

Լուրը հայտնելուն հաջորդեցին պաշտոնանկությունները՝ կորպուսի հրամանատարից սկսած: Իհարկե պաշտոնանկությունները բխում էին «ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը» հայտնի կարգախոսից:

Համացանցում ակտիվ քննարկում սկսվեց:

Տարբեր ռազմական փորձագետներ առաջ տարան նաև դիվերսիայի տարբերակը: ՔՊ-ական որոշ շրջանակներ, որոնք դիրքավորված են լիբեռալ գծի մեջ, սկսեցին թիրախավորել Սուրեն Պապիկյանին:

ՀՀ ազգային ժողովի կողմից օրենքով հաստատված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը և այլ իրավական ակտեր հստակ կարգավորում են զինծառայողներին զորանոցներում տեղավորելու և այլ հարցեր, ընդհուպ՝ ննջարանում մահճակալների տեղադրման, ննջարանում մեկ անձին հասնող օդի հաշվարկի հետ կապված հարաբերություններ:

Ըստ նշված կանոնագրքի, մասնավորապես՝

(1) ժամկետային ծառայության զինծառայողները տեղավորվում են զորանոցում,

(2) մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու,

(3) արգելվում է որևիցե մեկին բնակվել ճաշարաններում, հացի գործարաններում, բուժկետերում, կաթսայատներում, արտադրական և պահեստային շինություններում, ակումբներում, հավաքակայաններում և անգարներում, ինչպես նաև զորանոցի ուսումնական և ծառայողական շինություններում:

Վերոգրյալը հաշվի առնելով մի քանի հարցեր են ծագում՝

1) Արդյոք զոհված զինծառայողների կացարանը բավարարում է զորանոցի համար անհրաժեշտ պայմաններին, թե՝ ոչ.

2) Ինչու 2021 թվականի մայիսի 13-ից առ 2023թ. հունվարի 19-ը (1 տարի 8 ամիս) չի լուծվել զինծառայողների զորանոցի հարցը, որը կունենար ավելի անվտանգ ջեռուցման համակարգ, այն դեպքում երբ պաշտպանության նախարարությունը ֆինանսների խնդիր չի ունեցել.

3) Հնարավոր էր արդյոք 5 լիտր բենզինով այդ տարածքներում նման ավերածություն առաջացնել.

4) Ինչու է մարտական առաջադրանքներ կատարող կորպուսի հրամանատարը առանց պատշաճ քննության պաշտոնանկ արվում, երբ առկա է ադրբեջանական ներխուժման ռիսկը.

5) Արդյոք քննարկվել է այն վարկածը, որ սա կազմակերպվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ խուճապ առաջացնելու, Բերձորի միջանցքի հարցը երկրորդական դարձնելու և ադրբեջանի համար ոչ ցանկալի բարձրաստիճան զինվորականներից ազատվելու նպատակով:

Սահմանադրության համաձայն Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են:

Թիվ 1 մեղավորը և թիվ 1 պատասխանատուն կառավարության գլուխը հանդիսացող Նիկոլ Փաշինյանն է, որը բանակը թիրախավորել է դեռևս 2018 թվականից:

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը Հայաստանը (Արցախը) ոչ հաղթանակ է ունենալու և ոչ էլ՝ արժանապատիվ խաղաղություն:

ԻՐ ԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԼԻՆՈՂՆ ԷԼ ՓՉԱՑՆՈՂԻ ԵՂԲԱՅՐՆ Է (Առակաց 18:9):

Ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել