Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Արցախի պետական համակարգի բոլոր ոլորտներում էլ հետպատերազմյան շրջանում օրուգիշեր աշխատելու մեծ ճակատ կա։ Ընդ որում անվտանգային միջավայրը հաշվի առնելով` առավելապես պետք է ոչ հրապարակային աշխատել։
Եթե մարդ գալիս է ոլորտ կամ ոլորտներ կառավարելու և առաջին գործը լինում է քարոզչական թիմերի ձևավորումը, որոնք ամեն օր սոցցանցերում նրա մասին գրառում կանեն, նրան ամենազոր ու սուրբ կհռչակեն` ուրեմն այս մարդը ձախողելու է։ Ձախողելու է ոչ թե ֆեյսբուքում, որտեղ նա մոլի ֆանատներ ու վարձու ստատուսագիրներ ունի, այլ ձախողելու է իրեն վստահված ոլորտները։
Եթե Լատինական Ամերիկայում պոպուլիզմը կարող է բերել չքավորության, ապա Արցախի նման անվտանգային միջավայր ունեցող պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել։ Եթե պաշտոնյան խնդիրներ լուծելու փոխարեն լայվեր է անում, խոստանում պայքարել, կոչ անում միասնականության` ուրեմն անուղղելի հիմար է։ Եթե այդ լայվերի ընթացքում պետական գաղտնիք է հրապարակում կամ պետության անվտանգության սպառնացող այլ տեղեկություն` ուրեմն չարագործ է։
Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձանց, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»։