ԱՆ-ն ներկայացրել է առողջապահության ոլորտի զարգացման ուղենիշների և անհրաժեշտ թիրախային միջոցառումների վերաբերյալ որոշման նախագիծը

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ․ զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոծման նախագիծը, որով սահմանվում են առաջիկա տարիների համար առողջապահության ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումները։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրանում ռազմավարության գերակա խնդիրները և միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն և սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության առաջնային պահպանման (այսուհետ՝ ԱԱՊ) արդիականացման, շարունակական զարգացման և հզորացման, ԱԱՊ օղակի մոդելի և օրինակելի կառուցվածքի սահմանման, միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով սահմանվում են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումները` ուղղված.

  1. բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը.
  2. մոր ու մանկան առողջության պահպանամանը և բարելավմանը.
  3. անպտղության կրճատմանը և կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը.
  4. հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը.
  5. կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության մեծացմանը.
  6. ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) առաջացած տնտեսական բեռի նվազեցմանը, մասնավորապես՝ վաղաժամ մահացության կրճատմանը, ՈՎՀ–ի ռիսկի գործոնների կառավարման խթանմանը.
  7. բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը և արդյունավետ բուժմանը.
  8. տարեց մարդկանց բավարար առողջական վիճակի և կյանքի որակի բարելավմանը.
  9. վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և այդ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը, համաճարակներին, բռնկումներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովմանը.
  10. բարենպաստ շրջակա միջավայրի և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման աջակցմանը.
  11. էլեկտրոնային առողջապահության ոլորտում ժամանակակից և արդյունավետ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակմանը և լիարժեք ներդրմանը.
  12. բնակչության համար անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, համապարփակ առողջապահական ծառայությունների ապահովմանը.
  13. պետական առողջապահական ծախսերի շարունակական աճի ապահովմանը.
  14. հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման, հանրային առողջապահական ծառայությունների մատուցման ինտեգրված մոդելի ներդրմանը.
  15. առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել