2020 թվականի դեկտեմբերի 28-ին պատգամավորներ Ա.Ք.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ խուլիգանական գործողություն կատարած Ա.Ս.-ի և Գ.Բ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գ.Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:
Մասնավորապես, Գ.Բ.-ն հավկիթներով և ձնագնդիկներով, հարվածներ է հասցրել Ազգային ժողովի շենքին մոտեցող պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը: Դրանից անմիջապես հետո Գ.Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այնուհետև, հավաքի մի խումբ մասնակիցներ, շարունակելով խուլիգանական գործողությունները, ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածը: Վերջիններիս միացած Ա.Ս.-ն և գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող Ազգային ժողովի պատգամավոր Ս.Գ.-ի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:
Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից և առաջարկել բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Ս.Գ.-ին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջև, որի ընթացքում Ա.Ս.-ն և ինքնությունները չպարզված մասնակիցները, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Ս.Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ա.Ս.-ն և չպարզված անձինք, հրմշտելով և ճեղքելով խուլիգանական գործողությունները խափանող ոստիկանների կենդանի պատը՝ հետապնդել են Ս.Գ.-ին՝ շարունակելով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հավկիթներով հարվածել՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ձախ բազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի, աջ արմնկային շրջանի արյունազեղումներ, ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Ա.Ս.-ի և վարույթով դեռևս չպարզված անձանց խուլիգանական գործողությունները դադարել են՝ դեպքի վայրում գտնվող ոստիկանության մեծաքանակ ուժերի միջամտության արդյունքում՝ ժամը 11:20-ին՝ Ա.Ս.-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելուց հետո:
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ.Բ.-ի և Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից և Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: