ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության առիթով սկսված քրեական վարույթը կարճելու որոշումը վերացվել է։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։
Որոշումը կայացվել է Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից։
Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 12-ին Քննչական կոմիտեն կարճել էր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի: