Նոր մանրամասներ՝ Աքորի գյուղի բնակչի սպանության դեպքից․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Աքորի գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսի 15-ին որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով «Ալավերդու բժշկական կենտրոն» է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակչի դին:

Նույն ժամանակ հիվանդանոց է ընդունվել նաև Լոռու մարզի Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը՝ «գլխի պատռած վերքեր, ձախ ակնակապճի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ։ Վերջինս հայտնել է, որ ինքը կրակել է Աքորի գյուղի բնակչի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատները ծեծի են ենթարկել իրեն:

Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ դեպքի նախորդ օրը հիշյալ անձինք պայմանավորվածություն են ձեռք բերել Հագվի գյուղի բնակչի կողմից իր տրակտորով Աքորի գյուղի բնակչին պատկանող խոտը հակավորելու շուրջ:

2022թ. օգոստոսի 15-ի առավոտյան Հագվի գյուղի բնակիչն իր տրակտորով ժամանել է Աքորի գյուղի բնակչին պատկանող հանդամաս, սակայն տեսնելով խոտի սակավությունը՝ հրաժարվել է հակավորել այն։ Դրանից հետո Աքորիի բնակիչն օրվա ընթացքում զանգահարել և հայհոյել է Հագվիի բնակչին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո նույն օրը՝ երեկոյան, վերջինս, տանից վերցնելով իր անվամբ հաշվառված «ԻԺ 39» մոդելի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, գնացել է հանդամաս և, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Քննությամբ պարզվել է նաև, որ տուժողի որդին և եղբորորդին, ովքեր գտնվել են նշված վայրում և ականատես եղել դեպքին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հագվի գյուղի բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հագվի գյուղի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Ինչ վերաբերում է Հագվի գյուղի բնակչին մարմնական վնասվածքներ հասցնելու դրվագին, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ տուժողի որդու և եղբորորդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուժողի հետ հաշտությամբ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել