Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կկիրառվեն

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային  սննդի  ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և  էլեկտրաէներգիայի խնայողությունները:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարությունից։

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ միասին երեկ հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ՝ քննարկելու համար սահմանափակումների կիրառման նպատակահարմարությունը և ողջունելի է համարել վերջիններիս կողմից  ցուցաբերված լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել կառավարության որոշման նախագծում:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել  նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ հանրապետությունում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են  ավելի շատ դրամ կանխիկացնել  և  չծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որ  ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկախիկ  եղանակով, և  հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել