ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ողջույնի խոսքը Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 25 –ամյա գործունեությանը նվիրված «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով գիտաժողովում։
«Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հարգաժան ռեկտոր տիկին Դոնարա Գաբրիելյան
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ
Սիրելի մաշտոցականներ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այս դահլիճում միջազգային գիտաժողովների անցկացումը բարի ավանդույթ է դարձել: 31-ամյա մեր անկախ պետությունը գիտության ու կրթության հանդեպ միշտ էլ աչքի է ընկել առանձնակի վերաբերմունքով և հոգատարությամբ :
Թույլ տվեք նախ ի սրտե շնորհավորել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին , համահիմնադիր Մելանյա Արզումանյանին , պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմին, ուսանողներին և շրջանավարտներին ԲՈՒՀ-ի գործունեության 25-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով ուժ ու կորով, անսպառ եռանդ՝ ձեր ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը շարունակելու, նոր մարտահրավերներին դիմագրավելու՝ հանուն մեր ժողովրդի և Արցախի Հանրապետության հարատևման:
Իր քառորդդարյա գործունեության ընթացքում Բուհին հաջողվել է դառնալ Արցախի առաջատար գիտակրթական օջախներից մեկը: Ստեղծման օրվանից անցնելով մասնագիտական ոլորտների ընդլայնման ու կատարելագործման բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը շարունակում է գալիք մարտահրավերներին պատրաստ ու հիմնավոր գիտելիքներով զինված սերունդների կրթադաստիարակչական գործունեությունը:
Գիտական ու կրթական ներուժի վերհանումն ու զարգացումը, միջազգային գիտական, վերլուծական, կրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումն ու փորձի փոխանակումը Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 25 –ամյա գործունեության առաջնահերթություններից, առհավատչյան՝ «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով այս գիտաժողովն է:
Արցախն այսօր , առավել քան երբևէ, կարիք ունի ստեղծագործ մտածողությամբ, լեզուների իմացությամբ և առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ ու հայրենասեր մասնագետների: Մեր երկրի աշխարհագրական դիրքն ու քաղաքական կարգավիճակը հուշում են մշտական զգոնություն եւ պատրաստվածություն ոչ միայն երկրի սահմանները պաշտպանելու գործում, ինչը չափազանց կարեւոր է, այլեւ՝ մեր ժողովրդի իրավունքների ու շահերի արժանապատիվ ներկայացում եւ´ երկրի ներսում, եւ´ նրա սահմաններից դուրս:
Այսօր,երբ հայոց պետականությունն ապրում է պատմական վճռորոշ և ճակատագրական ժամանակաշրջան և մեր առջև ծառացած է լինելու-չլինելու գոյաբանական խնդիրը, սեփական ուժերի լարումով ու ապագայի նկատմամբ մեծ լավատեսությամբ պետք է անենք հնարավորն ու անհնարը՝ լրացնելու մեր կորցրածը և ամեն օր ստեղծելու նոր արդյունք:
Հավատացած եմ՝ այսօրվա գիտաժողովը հետաքրքիր քննարկումների ու եզրահանգումների հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռնի քննելու մեր ձեռքբերումներն ու թերացումները,ներկայիս մարտահրավերները գիտա-գործնական հարթության վրա ուսումնասիրելու եւ համապատասխան գնահատականներ ու առաջարկներ հավաքագրելու:
Գիտաժողովի հարգելի´ մասնակիցներ
Ապրելով իր սրբացած հողում ՝ մեր ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ Արցախը կա, ապրում է՝ պայքարելով իր երկրում ապրելու, արարելու իրավունքների համար։
Կրկին ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ մաղթում եմ արդյունավետ ու բեղուն աշխատանք:
Շնորհակալություն»: