Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի սեպտեմբերին եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր, բացարձակ ռեկորդ է սահմանվել ՀՀ պատմության համար։
«2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավել է 10 հազարով։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել կամ ստվերից դուրս եկել։ Փաշինյանը անդրադարձել է նաև աշխատավարձի ֆոնդին՝ հաշվի առնելով գնաճային ցուցանիշները։
«2022-ի սեպտեմբերին բոլոր աշխատողների վճարված աշխատավարձերը միասին վերցրած 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 33 միլիարդ 430 միլիոն դրամով կամ 23,5 տոկոսով։ Կարծում եմ՝ սա մի տարվա համար շատ կարևոր ցուցանիշ է։ Իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 74 միլիարդ 161 միլիոն դրամով կամ 73,2 տոկոսով»,-նշեց վարչապետը ու հրապարակեց նաև եկամտային հարկի ցուցանիշը։
Ըստ դրա՝ 2022-ի սեպտեմբերին, 2021-ի սեպտեմբերի համեմատ, եկամտային հարկ ավել է հավաքագրվել 5 միլիարդ 351 միլիոն դրամով կամ 17,6 տոկոսով։ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ 10 միլիարդ 556 միլիոն դրամով կամ 41,8 տոկոսով։
«2022 թվականի սեպտեմբերին, 2021-ի սեպտեմբերի նկատմամաբ մեկ մարդուն վճարված աշխատավարձը ավել է 35 հազար 769 դրամով կամ 16,4 տոկոսով։ 2018-ի համեմատ՝ 80 հազար 77 դրամով կամ 46,1 տոկոսով։ Թվերը շատ կարևոր և տպավորիչ են։ Հույս ունեմ՝ այս տեմպը կշարունակենք»,-նշեց Փաշինյանը։