«Պաշտպան հայրենյաց» անվամբ նոր ծրագիր կներդրվի բանակում

Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական պարտադիր զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Օրենքի նախագծի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության անցման առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։  Ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանվելու է պատվովճար ստանալու իրավունք։ Պատվովճարի չափը՝ 5 միլիոն դրամ, որը կտնօրինվի ազատորեն»,-նշեց Պապիկյանը։

Սրանով, ըստ Պապիկյանի, կդադարեցվի ՊՆ-ի կողմից նշված վայրում ու պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս նախագիծը բանակի, ՀՀ զինված ուժերի բարեփոխումների մաս է։

«Սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել