Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի արձագանքը։
«ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում:
Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:
Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:
Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ…:
Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Հայաստանի խորհրդարանը անցանկալի է անվանել իր մուտքը երկիր՝ Հայաստանի դեմ արած հայտարարությունների համար։
Telegram-ի ալիքում Զատուլինը հայտնել է, որ երեքշաբթի նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- մեջբերում է Զատուլինը նամակի տեքստը։