Այս տարի կփոխարինվի 467 վերելակ. ծրագրի ծավալը 2023թ. կավելանա

Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Երևանի քաղաքապետարանն այս տարի ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Շուրջ 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ-ի համապատասխան փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է:

«Քաղաքապետի հանձնարարությամբ, բացի 426 վերելակից, այս տարվա բյուջեում ավելացրել ենք ծրագրի ծավալը մոտ 10 տոկոսով՝ 41 նոր վերելակ: Այդպիսով, այս տարի քաղաքում կունենանք ընդհանուր 467 փոխված վերելակ», – ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Ամեն վերելակի տեղադրում մոտ 1 ամիս ժամանակ է խլում մասնագետներից. գործը պետք է արվի հատուկ ճշգրտությամբ: Նոր վերելակները հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար է:

«Վերելակներն ունեն նաև նոր UPS համակարգեր, որոնք հոսանքազրկման դեպքում կարող են մեկ հարկ բարձրացնել կամ իջեցնել վերելակն ու բացել դռները: Որևէ քաղաքացի խցիկում չի մնա», – նշում է վերելակների ներկրմամբ և տեղադրմամբ զբաղվող Լևոն Ավետյանը:

Նոր վերելակները նաև մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:

Վերելակը տեղադրելուց հետո կապալառու կազմակերպությունը 1 տարի պարտավոր է տեխնիկական սպասարկում իրականացնել, սակայն ընթացիկ սպասարկումն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացվում է համատիրությունների վերելակային ծառայությունների միջոցով:

«Նոր տեղադրված վերելակները հաճախակի խափանվում են». երբեմն դժգոհում են քաղաքացիները: Քաղաքապետարանում նշում են, որ որոշ հասցեներում կարգավորման խնդիրներ իսկապես լինում են, որոնք արագորեն լուծվում են, բայց շատ դեպքերում բնակիչները հենց իրենք են վնասում սարքավորումը:

«Ունենք նաև ավանդական դարձած մի խնդիր. բնակիչները երբեմն աստիճանավանդակները մաքրում են, աղբը նետում են վերելակի հորան, դրանից հետո նաև ջրում են: Եթե այդ պահին վերելակը գտնվի իրենց հարկից ներքև, վստահաբար կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակում այդ վերելակը շարքից դուրս կգա: Պետք է խնդրեմ, որ ավելի խնամքով վերաբերվեն, փորձարկումներ չանեն», – նշում է Արսեն Կարոյանը:

Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Համայնքը նախատեսում է ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի՝ ավելի մեծ ծավալներով, թեև, ըստ օրենքի, վերելակների շահագործումը, նաև փոխարինումը բնակչի խնդիրն է՝ որպես բաժնային ընդհանուր սեփականություն:

«2023-ի համար արդեն իսկ հավաքվել և ամփոփվել են տվյալները, որպեսզի ևս 700 վերելակ փոխարինենք: Սա վերելակային տնտեսության մեծ թարմացման վկայությունն է»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետը:
Վերելակների փոխարինման ծրագիրը Երևանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել