Սահմանվել է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նշենք, որ նախագծի ընդունմամբ կպարզզեցվի նշված բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կարգը։
Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով,
2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,
4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
5) որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
6) 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։
7) 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում,
8) 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում,
9) 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
10) Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը,
11) փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
1) գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը,
2) հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը,
3) հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը, հայապահպանությանը նպաստելը կամ ի շահ Հայաստանի Հանրապետության գործելը:
Առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
1) առողջապահական բնագավառում դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելը,
2) ռազմական դրության պայմաններում օտարերկրացի բուժաշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը:
Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից։