ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» և «Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման» կարգերի նախագծերը:
Նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության պահանջից, որտեղ ամրագրված է ուսհաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև:
Հաստատության ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահվում են տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է վարչատնտեսական համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Տարանջատման արդյունքում ակնկալվում է արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ:
Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող նոր մոդելով վարչատնտեսական համակարգողն իրականացնում դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը։ Համակարգողը տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և համապատասխանաբար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով. նա իրականացնում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման գործընթացները։
Այսպիսով՝ ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարևոր և աշխատատար գործառույթներով՝ դրանք իրականացնելով համագործակցային մեխանիզմով:
Հետևաբար, օրենքից բխող փոփոխությամբ պայմանավորված՝ վերանայման անհրաժեշտություն է առաջացել տնօրենի մրցույթի կարգում: Նախագծով հստակեցվել են մրցույթի մասնակցի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնելու ընթացակարգը, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության նկարագիրը, մրցույթի արդյունքների ամփոփման, բողոքարկման մեխանիզմը:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 22-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ներկայացված առաջարկների և դիտողությունների արդյունքում նախագծերը կլրամշակվեն և կխմբագրվեն: