Այսօր բոլորիդ աչքի առջև համայնքի նորընտիր ավագանին խայտառակ մթնոլորտում անցկացրեց առաջին նիստը։ Այս մասին հայտարարել է Սիսիանում ավագանու ցուցակը գլխավորող Արա Զաքարյանը։
««Ապրելու երկիր» խմբակցությունը չմասնակցելու որոշում ուներ, որով պիտի ապահովվեր նիստի չկայացում և համայնքապետի ընտրության հարցը կրկին համայնքի բնակիչների լիազորության տիրույթ տեղափոխելուն։ Այս որոշման հիմքում ընկած էին սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով մեր համայնքի խախտված սահմանների պայմաններում քարոզարշավի դադարեցումը, որի հետևանքով մեր համաքաղաքացիները հնարավորություն չունեցան լիարժեք տեղեկացված ընտրություն կատարելու։
Հետևաբար, առաջին նիստի և հետագա 14 օրվա ընթացքում համայնքապետի ընտրության նիստի չկայացումը այդ իրավունքը կվերադարձներ բնակիչներին։
Ցավոք սրտի, քվորումն ապահովվեց, ինչը և նպաստեց “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության թեկնածուին 9 ձայնով համայնքապետ ընտրվել։ Ընդամենը 9 հոգի` 8+1, ինչը նույնիսկ ավագանու մեծամասնություն չէ, որոշեցին պետության համար ռազմավարական համայնքի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։
Սա գնահատում ենք անթույլատրելի և անընդունելի։
Այս իրավիճակում, “Ապրելու երկիր” խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։
Միևնույն ժամանակ, մենք անելու ենք առավելագույնը Սիսիան համայնքում իրապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորելու հարցում՝ շարունակելով մեր նվիրումը համայնքին համայնքի բնակիչներին՝ անկախ որևէ կարգավիճակից»։