Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում: Այս մասին հայտնում են 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։
«Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ: Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքել է «Հայկական ժամանակի»՝ «․․․Ի՞նչ է ուզում Ադրբեջանը» հրապարակմանը։ Տեր-Պետրոսյանը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։